Ինչպես գնել և վաճառել NFT-ներ

 

Տարիներ առաջ դժվար էր պատկերացնել, որ մի օր հնարավոր կլինի գնել և վաճառել թվային արվեստ կրիպտոարժույթներով։ Այս դեպքում էլ NFT-ները հեղափոխություն են արել ժամանակակից արվեստի աշխարհում։

 

Այժմ արտիստները ստեղծում են իրենց NFT-ները, տեղադրում են դրանք բլոկչեյնների վրա և օգտագործելով կրիպտո՝ վաճառում կամ գնում են այլ NFT-ներ։

 

NFT-ների թրեյդինգն արագ զարգացող ոլորտ է, որն օրեցօր ավելի մեծ ուշադրության է արժանանում։ Եթե արդեն փորձառու ես կրիպտոարժույթների ոլորտում կամ ունես որոշ բազային գիտելիքներ, ապա NFT թրեյդինգի ընկալումն ավելի հեշտ կլինի քեզ համար։ Այս ուշագրավ ոլորտի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար շարունակիր կարդալ մեր՝ NFT-ներ գնելու և վաճառելու մասին օգտակար ուղեցույցը։

 

 

Ի՞նչ է NFT-ն

 

NFT-ները թվային ակտիվներ են, որոնք արտահայտվում են տարբեր ձևաչափերով՝ PNG, JPEG, MP4 և այլն։ Թոքենները գեներացվում են եզակի նույնականացմամբ, որն ուղղակիորեն կապված է բլոկչեյնի հասցեի հետ։ Դրանք բլոկչեյնում տեղադրելուց հետո հավաստագրված սեփականատերերը կարող են մարքեթփլեյսներից գնել և վաճառել NFT-ներ։

 

 

Ի՞նչ է մինթինգը

 

Բլոկչեյնում NFT-ի տեղադրման ամբողջ գործընթացը կոչվում է մինթինգ։ Երբ NFT-ն արդեն պատրաստ է, պետք է մուտքագրել դրա մետատվյալները բլոկչեյնի վրա։ Անհրաժեշտ է տրամադրել NFT-ի անվանումը, ստեղծողի տվյալները, տալ նկարագրություն և այլ կարևոր տեղեկություններ։

 

 

Ինչպե՞ս օգտագործել NFT-ները

NFT մարքեթփլեյսում կա NFT-ների օգտագործման երկու հիմնական տարբերակ՝ ստեղծել և վաճառել կամ գնել և վերավաճառել երկրորդային մարքեթփլեյսներում։

 

Եթե դու արտիստ ես, ապա կարող ես կիրառել տարբեր մարքեթփլեյսների գործիքները տվյալ հարթակում NFT-ներ ստեղծելու համար կամ բեռնել արդեն իսկ գոյություն ունեցող շոշափելի թոքենները։

 

Եթե կոլեկցիոներ ես, ապա մարքեթփլեյսները կհեշտացնեն NFT-ների որոնման և թրեյդինգի գործընթացը։

 

 

Գնել և վաճառել

 

Թրեյդինգը NFT-ների հետ աշխատելու ամենահեշտ ճանապարհն է։ Դու գնում և վաճառում ես արդեն թողարկված թվային ակտիվները՝ սեփականը ստեղծելու փոխարեն, ինչն ավելի քիչ ժամանակ է պահանջում։

 

 

Ինչպե՞ս գնել NFT

Ահա թե ինչպես կարելի է գնել արդեն իսկ գոյություն ունեցող NFT-ներ։

 

 

Ընտրի՛ր հարթակը

NFT-ները հասանելի են բազմաթիվ հարթակներում և NFT մարքեթփլեյսներում։ Որոշ հարթակներ մուտք գործելու համար անհրաժեշտ է գրանցում և օգտատիրոջ նույնականացում՝ նախքան NFT գնելը։ Կան նաև հարթակներ, որտեղ հնարավոր է բաց թողնել գրանցման գործըթնացը։ Հարթակի ընտրությունը պետք է հիմնված լինի բացառապես քո նախասիրությունների վրա, բայց մինչև ընտրելը ուշադրություն դարձրու դրա անվտանգությանը, թափանցիկությանը, 24/7 հաճախորդների աջակցությանը և օգտագործման հարմարավետությանը։

 

 

Ստեղծի՛ր հաշիվ

Ինչպես արդեն նշեցինք, որոշ հարթակներ պահանջում են գրանցում, ուստի անհրաժեշտ է հետևել համապատասխան հրահանգներին և գրանցվել։ Հիշի՛ր օգտագործված էլ․ փոստի հասցեն ու գաղտնաբառը՝ հետագայում խնդրահարույց իրավիճակներից խուսափելու համար։

 

 

Ստեղծի՛ր դրամապանակ

Գաղտնիք չէ, որ ինչ-որ բան գնելու համար անհրաժեշտ է գումար։ Յուրաքանչյուր մարքեթփլեյս և NFT հարթակ պահանջում է ստեղծել դրամապանակ ու այն միացնել քո հաշվին։ Որոշ մարքեթփլեյսներ արդեն ունեն դրամապանակներ, ինչը նշանակում է, որ պետք է կատարել դեպոզիտ։ Օրինակ՝ ftFTN-ն ունի իր սեփական դրամապանակը, որն արդեն իսկ կցված է օգտատիրոջ հաշվին, և մնում է միայն մուտքագրել գումարը։

 

 

KYC (Ճանաչի՛ր քո հաճախորդին)

Նշված բոլոր քայլերը կատարելուց հետո համակարգը կարող է պահանջել անցնել KYC և նույնականացման վերիֆիկացիա։ Սա ընտրովի է․ ոչ բոլոր NFT մարքեթփլեյսներն են պահանջում KYC։

 

 

Ընտրի՛ր NFT

Հաջորդ քայլը գերադասելի NFT կամ NFT հավաքածու ընտրելն է։ Համացանցում կան հազարավոր տարբերակներ․ ճիշտ ընտրություն կատարելը դժվար գործընթաց է։ Ընտրի՛ր լավ հեղինակություն ունեցող NFT, քանի որ համայնքի լավ արձագանքի դեպքում քո թոքենը ժամանակի ընթացքում կպահպանի իր արժեքը։ Ստուգի՛ր նաև արժեքը և տվյալները։ Կատարի՛ր հետազոտություն՝ պարզելու համար NFT-ի կամ NFT հավաքածուի աճի հեռանկարները։

 

 

Ինչպե՞ս վաճառել NFT

Նախևառաջ, NFT-ի համար պետք է աճուրդ կազմակերպել։ Կախված ընտրված հարթակից՝ աճուրդի ընթացակարգը կարող է տարբերվել, սակայն եթե քո NFT-ն արդեն հարթակում է, ապա դա նույնքան պարզ է, որքան «Վաճառել» կոճակը սեղմելը։

 

Օրինակ, որպես NFT ստեղծող՝ դու հնարավորություն ունես սահմանելու արժեք քո NFT-ի համար, այն աճուրդի հանելու ու տեսնելու, թե ով է ավելի շատ գումար առաջարկում, կամ էլ ընդունելու արժեքը մեկ այլ գնորդից։

 

NFT-ի տեղադրման վճարները կարող են տարբերվել՝ կախված բլոկչեյնից, որի վրա աշխատում է NFT հարթակը։ NFT-ն վաճառքի ներկայացնելուց հետո վաճառողը ստանում է ծանուցում և գումար իր կրիպտոդրամապանակին։

 

 

Ստեղծել և վաճառել

NFT-ների ստեղծումը և վաճառքը NFT թրեյդինգի մեկ այլ տարբերակ է։ Ամենակարևորն այնպիսի NFT ստեղծելն է, որը հետաքրքրություն կառաջացնի NFT համայնքում։ Անհրաժեշտ է հետազոտել և գտնել թիրախային լսարան քո NFT-ների համար։

 

Եթե արդեն որոշել ես NFT-ի տեսակը, քո հաջորդ քայլը բլոկչեյն ընտրելն է։ Կան բազմաթիվ բլոկչեյններ, ինչպես՝ Էթերիում, Սոլանա, Ռիփլ և այլն։ Նախապես պետք է ստուգել նաև նախընտրած բլոկչեյնի հասանելիությունը քո ընտրած մարքեթփլեյսում։ Մարքեթփլեյսի ընտրությունն էլ շատ կարևոր է։ Լավ մարքեթփլեյսը հիմնականում ինտուիտիվ է, անվտանգ, թափանցիկ և օգտատիրոջը հարմար։

 

Այժմ հասանելի են հեղինակություն վայելող թոփ NFT մարքեթփլեյսներ, որոնք արժի ճանաչել։

 

Եթե որոշել ես ստեղծել և վաճառել, ապա անհրաժեշտ է առաջխաղացնել քո նախագիծը սոցիալական հարթակներում։ Կարող ես օգտագործել ցանկացած սոցիալական հարթակ, բայց նախընտրելի է սկսել Twitter-ից և Discord-ից։

 

 

NFT-ների թրեյդինգը երկրորդային շուկայում

Արդեն գիտես՝ ինչպես ստեղծել և վաճառել NFT․ ճիշտ ժամանակն է ուսումնասիրել NFT թրեյդինգի գործընթացը երկրորդային մարքեթփլեյսներում։

 

 

Ինչպես կատարել հետազոտություն

Եթե որոշել ես գնել և վաճառել NFT-ներ երկրորդային մարքեթփլեյսներում, ահա մի քանի կարևոր կետ, որոնք կօգնեն հետազոտության ընթացքում։

 

Արվեստ

NFT-ն թվային արվեստի տեսակ է և կարող է արտահայտվել լուսանկարի, գեղանկարի, երաժշտության, ֆիլմի տեսքով և ոչ միայն։ Անհրաժեշտ է ուսումնասիրել՝ որքանով է տվյալ արվեստի գործը/ճյուղը հայտնի ու պահանջված։ Ուսումնասիրի՛ր արտիստին ու պարզի՛ր նրա՝ ոլորտում հայտնի կամ նորեկ լինելը։ Մի՛ մոռացիր նաև NFT-ի որակի, եզակիության և արժեքի մասին։

 

Թիմ

Հավաքածուներ թողարկած թիմը կարևոր դեր է խաղում։ Ճշտի՛ր, թե թիմակիցներն ինչ մասնագիտական փորձ ունեն, ինչ NFT-ներ են ներկայացնում և որքան հաջողակ ու ճանաչված են մարքեթփլեյսում։

 

Ճանապարհային քարտեզ

NFT-ի ճանապարհային քարտեզը նման է հավաքածուի բիզնես պլանի։ Այն քայլ առ քայլ ներկայացնում է, թե ինչպես է թիմը թողարկելու հավաքածուն, աշխատելու այն հաջողելու ուղղությամբ ու թե ինչ հավանական արձագանք է տալու լսարանը հավաքածուի թողարկումից հետո։

 

Համայնք

Այս փուլում պետք է ուսումնասիրել հավաքածուի սոցիալական էջերը, եթե դրանք կան։ Ստուգի՛ր՝ էջն ո՞ւնի արդյոք իրական հետևորդներ, ու կարդա՛ նրանց կարծիքները։ Յուրաքանչյուր մարքեթփլեյսում իրական մարդկանց կարծիքները շատ կարևոր են հավաքածուի մասին կարծիք կազմելու և դրա արժեքը հասկանալու համար։

 

Հավաքածուի գործընկերները

Հավաքածուի հաջողությունն ապահովող գործոններից են գործընկերները։ Փնտրի՛ր տեղեկություն տվյալ հավաքածուին աջակցող ընկերությունների և բիզնեսների մասին։

 

 

Օգտատերերի սահմանափակ ցուցակը (Whitelist) ընդդեմ երկրորդային շուկայի

 

Կարևոր է հասկանալը երկրորդային մարքեթփլեյսում թրեյդինգի ցիկլը, որը հիմնականում բաղկացած է հետևյալ գործընթացներից:

 

 

Ուայթլիսթ մինթ

Եթե ուզում ես միայն գնել և վաճառել, ապա ուայթլիսթն ամենալավ տարբերակն է, քանի որ հնարավոր է այն ձեռք բերել սկզբնական ամենացածր արժեքով։ Ի տարբերություն պետական մինթի՝ ուայթլիսթը հնարավորություն է տալիս մինթ անելու ամենահարմար ժամային գոտում և խուսափելու բարձր ցանցի վճարներից։ Բայց անհատական NFT-ի մինթն ամենաբարդն է․ եթե ուայթլիսթում չես, ապա չես կարող մուտք գործել նախամինթային կայք և մինթ անել առանձին՝ նախքան հանրայնացնելը։ Հետևաբար, սկզբում անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպես տեղ ապահովել ուայթլիսթում։ Տարբեր կայքերում ուայթլիսթում տեղ տրամադրելու համար կան տարբեր պահանջներ։

 

Հանրային մինթ

Եթե չի հաջողվել տեղ ապահովել ուայթլիսթում, դեռևս կարող ես կատարել հանրային մինթ։ Գուցե անհատական մինթից փոքր-ինչ ավելի թանկ արժենա։ Չկա նաև երաշխիք, որ դու կկարողանաս մինթ անել քո NFT-ները․ հնարավոր է՝ տեղերը լինեն սահմանափակ ու սպառվեն վայրկյանների ընթացքում։

 

Երկրորդային շուկա։ Մինթ արված NFT-ների մի մասը կարող է հասանելի լինել երկրորդային մարքեթփլեյսներում՝ հատկապես հանրային մինթից հետո, երբ մարդիկ փորձում են վաճառել դրանք արագ շահույթ ստանալու կամ նախնական ներդրումներն անվտանգ պահելու համար։

 

Ցանցային պատերազմները (gas wars) շատ տարածված են և տեղի են ունենում գրեթե բոլոր հայտնի NFT հավաքածուների հետ հանրային մինթի ժամանակ։ Եթե ուզում ես գնել NFT՝ խուսափելով ցանցային պատերազմներից, ապա երկրորդային շուկան հենց քեզ համար է: Այնուամենայնիվ, հավաքածուի գները կարող են բարձրանալ թողարկումից հետո, ինչը նշանակում է, որ պետք է հետևել նախընտրելի հավաքածուին։

 

Թողարկում։ Այս գործընթացում շատերը շահագրգռված են NFT գնելով՝ ստանալու համար եզակի NFT կամ 1/1 NFT: Հարկ է նշել, որ թողարկման ամսաթվերը տարբեր հավաքածուների դեպքում տարբեր են։ Օրինակ՝ ըստ նախագծի՝ հավաքածուն կարելի է թողարկել մինթից անմիջապես հետո կամ ընտրել թողարկման հանրայնացման ամսաթիվը։

 

Ըստ այս տրամաբանության՝ ցանկալի է, որ հավաքածուն լինի բացառապես եզակի և մինչև հանրային դառնալը կրի բարձր արժեքներ։ Թողարկումից հետո գինն իջնում է, քանի որ մարդիկ վաճառում են սովորական NFT-ները և փորձում են գնել եզակի NFT-ներ կամ այլևս չեն գնում։

 

 

Ամփոփում

Ընդհանուր առմամբ՝ խորհուրդ է տրվում ներկայացնել NFT-ները վաճառքի այն ժամանակահատվածում, երբ ցանցի վճարը ցածր է։ Դա կփաստի, որ դու արդեն կատարել ես վճարումները և քո NFT-ի վաճառքի ժամանակ կխուսափես ցանցի շատ բարձր գին վճարելուց։ Անհրաժեշտ է նաև ընտրել ճիշտ գին՝ հիմնվելով հավաքածուի արդյունքների և շուկայի պայմանների վրա։ Դրանից ելնելով՝ պետք է հասկանալ քո NFT-ի եզակիությունը, որը կարող է ստուգվել հավելվածների կամ կայքերի միջոցով կամ էլ հենց այն մարքեթփլեյսում, որն օգտագործում ես։ Բացի այդ՝ կարող ես ծանոթանալ նմանատիպ հավաքածուների այլ NFT-ների արժեքներին։

 

Այս հոդվածը NFT-ների թրեյդինգի ներածությունն է։ Հուսով ենք, որ այն կօգնի քեզ գիտելիքներ ձեռք բերել NFT թրեյդինգի վերաբերյալ և օգտագործել դրանք հօգուտ քեզ։ Կարող ես ծանոթանալ նաև NFT թրեյդինգի ռազմավարություններին և ուղեցույցների առցանց նյութերին։ Բայց ինչպես մենք սիրում ենք ասել՝ DYOR - Կատարի՛ր քո սեփական հետազոտությունը (Do Your Own Research):

 

*NFT-ները դեռևս ձևավորվող և զարգացող ակտիվներ են: Վերոնշյալ նյութում ներկայացված տեղեկությունը պետք չէ ընկալել որպես ներդրումային կամ ֆինանսական խորհուրդ: Կատարի՛ր խորքային հետազոտություն NFT-ների հետ առնչվող որևէ գործողություն կատարելուց կամ որոշում կայացնելուց առաջ: