NFT-ների մասին․ Ի՞նչ է NFT-ն կամ անփոխարկելի թոքենը

 

Թվային տնտեսության ոլորտում ծնվում են բազմաթիվ թրենդներ։ Դրանց թվում գլխավորը անփոխարկելի թոքեններն են, որոնք հիմնարար վերափոխումներ են իրականացրել տարբեր ոլորտներում և շարունակում են մնալ ամենաթեժ քննարկվող թեմաներից ։ Այս տեխնոլոգիական իրարանցումը հստակեցնելու համար Ձեզ անհրաժեշտ կլինի NFT-ների մասին արագ և կարևոր տեղեկատվություն։

 

Եվ այսպես,, անփոխարկելի թոքենները եզակի թվային ակտիվներ են, որոնք պաշտպանված են կրիպտոգրաֆիայի միջոցով: Սակայն բլոկչեյնի վրա հիմնված կրիպտոգրաֆիկ այս ակտիվները չեն կարող փոխանակվել ճիշտ այնպես, ինչպես մյուս փոխարկելի թոքենները:

 

 

Ի՞նչ են NFT-ները

 

NFT-ներն անփոխարկելի թոքեններ են, որոնք ունեն հատուկ նույնացուցիչ՝ դրանք միմյանցից տարանջատելու համար: Թեև միատարր և փոխարկելի թոքենները (օրինակ՝ կրիպտոարժույթները) կարելի է հեշտությամբ փոխանակել միմյանց հետ, NFT-ները չեն կարող վաճառվել կամ փոխանակվել նույն սկզբունքով: Անփոխարկելիությունը NFT-ների շուրջ բարձրացած աղմուկի առաջացման հիմնական պատճառներից մեկն է, քանի որ դրանք նույնացվում են վավերականություն և սեփականություն հասկացությունների հետ:

 

Յուրաքանչյուր NFT ունի թվային ստորագրություն, ինչն էլ այն դարձնում է յուրահատուկ։ Թվային ակտիվ կարող է լինել ամեն ինչ՝ պատկերից մինչև ֆիլմ, աուդիո տվյալ կամ որևէ այլ թվային նյութ: NFT-ի օրինակներ են նաև արվեստի գործերը, կոմիքսները, սպորտային մեմուարները, առևտրային քարտերը, խաղերը և այլն:

 

Հիմնական գաղափարն այն է, որ դու՝ որպես սեփականատեր, շոշափելի ֆիզիկական իրի փոխարեն ստանում ես դրա թվային տարբերակը։

 

Յուրաքանչյուր NFT հավաքածուի համար լիարժեք սեփականության իրավունք ունենալը վիճելի հարց է, բայց դրանք կարող են միաժամանակ ունենալ մեկ ընդհանուր սեփականատեր: Բլոկչեյն տեխնոլոգիան հնարավորություն է տալիս պարզեցնելու սեփականության իրավունքի ստուգումը և թոքենների փոխանցումը սեփականատերերի միջև: Սովորաբար արտիստները տրամադրում են հեղինակային իրավունքի մասին տեղեկություններ՝ օգտագործելով CC (Creative Comments): Տվյալ տեղեկությունը հիմնականում կարելի է գտնել կա՛մ Հավաքածուի կայքում, կա՛մ NFT հավաքածուի նկարագրության մեջ: Արտիստը կարող է լրացուցիչ տեղեկություն պահել NFT-ի մետատվյալներում: Օրինակ՝ նա կարող է նշագրել իր աշխատանքը՝ ֆայլում ստորագրություն դնելով:

 

 

Ինչպե՞ս են աշխատում NFT-ները

 

NFT-ների արժեքը սովորաբար սահմանվում է շուկայի չափանիշներով, որոնք կարող են փոխվել՝ կախված դրա առաջարկից և պահանջարկից: Ֆիզիկական իրերի նման թոքենները կարելի է գնել և վաճառել բաց NFT մարքեթփլեյսներում: Դրանց հիմնական նպատակը գնորդներին և վաճառողներին համախմբելն է՝ պարզեցնելով գործընթացը։

 

 

Ինչու՞ են NFT-ներն այդքան հայտնի

 

Անփոխարկելի թոքենները (NFT) մեծ ճանաչում են ձեռք բերել հատկապես կրիպտոսպառողների և բիզնեսների շրջանում: Ահա այս խելահեղ հայտնիության մի քանի պատճառ․

 

 

Յուրահատկություն

 

Հաշվի առնելով դրանց հստակ հատկությունները՝ NFT-ները հաճախ դիտվում են որպես պոտենցիալ ներդրում: Քանի որ NFT-ները կարող են արժենալ ավելին, քան գնման համար օգտագործվող որևէ այլ կրիպտոարժույթ, դրանք համարվում են ազդեցիկ թիրախ ներդրումների համար:

 

 

Նոր հնարավորություններ

 

NFT-ները մարդկանց տալիս են նոր հնարավորություններ՝ առցանց հաղորդակցվելու, առևտուր անելու և օնլայն բիզնես հիմնելու համար: Թվային ոլորտում դրանք «եզակի» են ու լի մեծ հեռանկարներով։

 

Մի շարք ոլորտներում արդեն ակտիվորեն կիրառվում են NFT-ներ. երաժիշտներն այժմ կարող են պահել իրենց ստեղծագործություններն ու փոխհատուցում ստանալ այն դեպքերում, երբ իրենց երաժշտությունը վերավաճառվում է: NFT-ներ վաճառելով՝ հեղինակները կարող են հատուկ առաջարկներ անել իրենց հետևորդներին, օրինակ՝ ներկայացման տոմսեր առաջին շարքում և ոչ միայն։

 

 

 

NFT-ների կարևոր իրադարձությունների ժամանակացույցը

 

Անհերքելի է, որ այս պահին NFT-ների ապագան խոստումնալից է, բայց և այնպես ուշադրության են արժանի նաև NFT-ի պատմության որոշ շրջադարձային իրադարձություններ:

 

 

Գունավոր քոիններ

 

Բիթքոին ցանցի վրա ստեղծված Գունավոր քոինները ամենամոտն էին NFT-ին 2012 թվականին: Դրանց գլխավոր առաքելությունն էր որոշ Բիթքոին քոիններ մյուսներից առանձնացնելը: Չնայած դրանք դեռևս համարվում են փոխարկելի կրիպտոարժույթներ՝ միևնույն է խթանում են քոինների «գունավորման» գործընթացը: Դա նշանակում է դրամական արժեքից բացի նոր տարրերի ավելացում՝ որոշ քոիններ մյուսներից առանձնացնելու համար:

 

Քվանտ (Quantum)

 

Քեվին ՄըքՔոյ անունը դեռ շատ կլսես, երբ հասնես թվային ակտիվների արմատներին: Դեռևս 2014-ին նա մայնինգ է արել «Quantum»-ը (Քվանտը)՝ առաջին NFT-ն NameCoin-ում (վիճարկելի):

 

Փաստեր առաջին NFT-ի վերաբերյալ.

 

  • Ութանկյունաձև անիմացիա,

  • Վաճառվել է 1,47 միլիոն դոլարով Sotheby’s-ի միջոցով 2021 թվականին,

  • Սեփականության հետ կապված վեճերի արդյունքում եղել է դատավարություն,

  • Դատական վարույթն ընթացքի մեջ է:

 

Քաունթըրփարթի (Counterparty)

 

Քանի դեռ չէր սկսվել Ethereum-ի և NFT-ների հետ կապված այս ամբողջ իրարանցումը, Counterparty-ն այն հարթակն էր, որը վայելում էր բոլոր առավելությունները: Ի սկզբանե նախագծվել է բիթքոին ցանցի վրա՝ թվային ակտիվներին մայնինգի, գնման և վաճառքի հնարավորություն տալու համար: Օգտագործելով Բիթքոին տեխնոլոգիան՝ Counterparty-ն հնարավորություն է տալիս թվային ակտիվների վրա սեփականություն ունենալու։

 

 

NFT ոլորտի այլ կարևոր ժամանակագրական զարգացումներ.

 

  • Մեմերը սկսում են մայնինգավորվել որպես NFT-ներ,

  • NFT-ները տեղափոխվում են Ethereum,

  • Ներկայացվում են թոքենի ստանդարտները,

  • CryptoPunks NFT հավաքածուն լայն ճանաչում է ձեռք բերում,

  • Ստեղծվում են CryptoKitties-ը և MoonCats-ը,

  • NFT գեյմինգ x Մետավերս (Ներկայացվել է Decentraland-ը, որն օգտագործում է MANA թոքենը՝ որպես խաղային արժույթ),

  • Հեղինակավոր աճուրդը սկսում է վաճառել NFT արվեստի գործեր,

  • Beeple-ի NFT-ն վաճառվում է ռեկորդային արժեքով,

  • Մետավերսում մեծանում է NFT-ների պահանջարկը,

  • Facebook-ը ռեբրենդինգի արդյունքում դառնում է Meta և տեղափոխվում է մետավերս:

 

Ինչպե՞ս գնել NFT-ներ

 

Թեև տարբեր երկրներ ունեն տարբեր կարգավորումներ՝ կապված NFT-ների կամ կրիպտոյի հետ, դրանք հասանելի են ամբողջ աշխարհում: Եթե հետաքրքրված ես NFT սեփականության ձեռքբերման հարցով, ահա թե ինչպես է ընթանում այդ գործընթացը:

 

Ընտրի՛ր հարթակ

 

Կան մի շարք հայտնի NFT մարքեթփլեյսներ՝ ftNFT, Opensea և SuperRare, որտեղ կարող ես գտնել և գնել քո սիրելի NFT-ն։

 

Քանի որ այս հարթակներն իրենց գործառույթներով որոշակիորեն տարբեր են, նախ պետք է հասկանալ, թե որ մարքեթփլեյսն է ամենաշատը համապատասխանում քո ակնկալիքներին: Հարթակի անվտանգությունը, թափանցիկությունը, հաճախորդների 24/7 աջակցությունը և օգտատերերի հարմարավետությունն այնպիսի առանձնահատկություններ են, որոնք խիստ ցանկալի է հաշվի առնել:

 

Ավելին՝ եթե դու Դուբայում ես, կարող ես այցելել առաջին ֆիջիթալ (ֆիզիկական+դիջիթալ) NFT խանութ-սրահը և գնել NFT անմիջապես խանութից: Խանութն ունի նաև 3D սքաներ, որով կարող ես ստեղծել քո 3D ավատարը և ունենալ բոլորովին նոր փորձառություն, որպիսին երբևէ չես ունեցել NFT ոլորտում:

 

Ստեղծի՛ր հաշիվ

 

Գործընթացը կարող է տարբեր լինել՝ կախված քո ընտրած հարթակից: Որոշ մարքեթփլեյսներում անհրաժեշտ է հաշիվ ստեղծել, մյուսներում բավական է պարզապես ստեղծել կրիպտոդրամապանակ ու միացնել այն մարքեթփլեյսին: Կրիպտոդրամապանակի տարբերակն ընտրելիս օգտատերը պետք է վստահ լինի, որ իր ստեղծած կրիպտոդրամապանակում հասանելի է բլոկչեյն համակարգը, որի վրա գործում է մարքեթփլեյսը: Կան նաև բազմաշղթա դրամապանակներ (օրինակ՝ Phantom Wallet-ով կարող ես ունենալ և՛ Solana, և՛ Ethereum NFT-ներ մեկ դրամապանակում):

 

Հաշիվ ստեղծելիս կպահանջվի տրամադրել անձնական տվյալներ՝ էլ. հասցե, անուն, ազգանուն և այլն:

 

Ստեղծի՛ր դրամապանակ

 

Կրիպտոդրամապանակ ունենալը ևս մեկ կարևոր քայլ է NFT գնելու գործընթացում․ NFT գնելու համար անհրաժեշտ է գումար: Գրանցվելիս որոշ մարքեթփլեյսներ քեզ կտրամադրեն դրամապանակ, որոշներն էլ, սակայն, կարող են պահանջել ստեղծել առանձին թվային դրամապանակ: Ըստ մարքեթփլեյսի առաջարկների և պահանջների՝ դրամապանակի համալրումն այս գործընթացի վերջին քայլն է:

 

Ընտրի՛ր քո NFT-ն

 

Նշված բոլոր քայլերը կատարելուց հետո ընտրի՛ր NFT, որն ամենաշատն է դուր գալիս քեզ։ Նախընտրելի է լավ ուսումնասիրել այն թվային ակտիվները, որոնք պատրաստվում ես ձեռք բերել: Հավաքի՛ր հնարավորին չափ շատ տեղեկություն դրա մասին՝ ստեղծողից մինչև համայնք, և ստուգի՛ր, թե ով է կանգնած նախագծի հետևում, պարզի՛ր վաճառողի նույնականացումն ու ավելին։

 

Twitter-ը և Discord-ը աչքի անցկացնելով կարող ես առավել տեղեկացված լինել NFT-ի վերջին թողարկումներից:

 

Կասկած չկա, որ NFT-ները թվային հավաքածուների ապագան են, բայց իրականում դրանք շատ ավելին են: NFT-ները կարող են օգտագործվել նախագծերում ներդրումներ կատարելու, առցանց ապրանքներ ու ծառայություններ գնելու և նույնիսկ այլ կրիպտոարժույթների հետ առևտուր անելու համար: Գաղափարը հասկանալուն պես դու մշտապես կհետևես ոլորտի զարգացումներին, քանի որ NFT-ները շարունակաբար աճում են՝ ստեղծելով ավելի շատ նորարարություններ և հնարավորություններ:

 

*NFT-ները դեռևս ձևավորվող և զարգացող ակտիվներ են: Այս նյութում ներկայացված տեղեկությունները պետք չէ ընկալել որպես ներդրումային կամ ֆինանսական խորհուրդ: Կատարի՛ր խորքային հետազոտություն NFT-ների հետ առնչվող որևէ գործողություն կատարելուց կամ որոշում կայացնելուց առաջ: